«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Իրավաբանական Անձանց Միությունը ստեղծվել է իր անդամների ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու, ինչպես նաև նրանց ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով: Միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, և կանոնադրությամբ:
Գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստերում, Երևանի` Արաբկիրի տարածքում 14.03.2002թ-ին ռեգիստերի գրանցման համարն է` 264.150.05701:
Միության հիմնադիր անդամներն են` «ԷՐՄԵԴ» ՓԲԸ,«ԱՍԿՈ-ՊՐՈ» ՍՊԸ, «Առաջին Ապահովագրական» ՍՊԸ, «Ռեզոլյուշն Քոնսալթընթս» ՍՊԸ, «ՍԱՄԱՍ» ՍՊԸ, «ԷՖԵՍ» ՓԲԸ, «ԳՐԱՆԴ» ՍՊԸ, «Լոնդոն-Երևան Կօ» ՍՊԸ:
Հայաստանում 01.01.2009թ-ի դրությամբ գործում է 11 ապահովագրող ընկերություն, բոլորն էլ միության անդամ են:
Նպատակները
Ասոցիացիայի հիմնական նպատակն է Ասոցիացիայի անդամ ապահովագրական գործունեություն իրականացնողների իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Ելնելով այդ հիմնական նպատակից` կարելի է առանձնացնել Ասոցիացիայի մի քանի այլ նպատակներ, մասնավորապես`
- նպաստել ապահովագրության և ապահովագրական շուկայի զարգացմանը,
- աջակցել ապահովագրական գործունեություն իրականացնողներին և ապահովագրական շուկայի ընհանուր զարգացմամբ մտահոգված այլ կազմակերպություններին (մարմիններին),
- աջակցել ապահովագրական շուկայի մասնակիցների միջև առողջ մրցակցության սկզբունքների ու կանոնների պահպանմանը,
- բացահայտել ապահովագրության ոլորտի զարգացման խոչընդոտները` դրանց վերացման ուղղությամբ իրականացնելով համապատասխան միջոցառումներ,
- կազմակերպել կադրերի (ապահովագրության ոլորտի մասնագետների) պատրաստման և վերապատրաստման միջոցառումներ,
- համագործակցել և կապեր հաստատել ապահովագրական ոլորտին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ,
- դառնալ ապահովագրական գործունեություն իրականացնողների հուսալի գործընկերն ու պաշտպանը:
Խնդիրները
Վերոնշյալ նպատակներն իրագործելու ճանապարհին Ասոցիացիան իր առջև դրել է հետևյալ խնդիրները`
- Ասոցիացիայի կազմի ընդլայնում,
- հնարավոր և թույլատրելի տարբեր միջոցներով ապահովագրության և ապահովագրական շուկայի զարգացման ուղղությամբ որոշակի քայլերի իրագործում, մասնավորապես հասարակության լայն շրջանում ապահովագրության դերի և կարևորության լուսաբանում,
- ասոցիացիայի անդամ ընկերությունների աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկում, մասնավորապես` սեմինարների, դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման ճանապարհով:
Ասոցիացիան իր առջև դրված բոլոր խնդիրների իրագործման ուղղությամբ հետևողական է, իսկ որոշ դեպքերում կդրսևորի նաև չափավոր ագրեսիվ բնավորություն: